Նիկոլը դարձյալ հանդես է գալիս քայլով, որը բառացիորեն նվեր է Ադրբեջանի ձեռքում։ Ադրբեջանը մի պարզ տեխնիկա ունի՝ ստեղծում է բուտաֆորիկ, իրական հիմք չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» թեմա, որը ոչ իրավական է, ոչ պատմական, ընդամենը՝ քարոզչական փուչիկ։ Իսկ Նիկոլը դրա դիմաց բերում է Արցախի իրական փախստականների հարցը, որը փաստաթղթերով, պատմությամբ, միջազգային մարմիններով ամրացված ճշմարիտ իրողություն է։
Ու հետո ինչ է անում նա՝ առաջարկում է այս երկու թեմաները փակել, մոռանալ՝ իբր փոխադարձ զիջման շրջանակում։
Սա կամ քաղաքական անգրագիտություն է անսահման չափերի, կամ ուղղակի գիտակցված ներթափանցում ադրբեջանական օրակարգ։ Քաղաքականության մեջ սա հայտնի մեխանիզմ է. կողմերից մեկը ստեղծում է արհեստական թեմա, որը զուտ սակարկման համար է, ոչ մի արժեք չունի, հետո էլ ասում է՝ «արի փոխադարձ հրաժարվենք»։
Սա կատարյալ խաբկանք է։
Ադրբեջանը հրաժարվում է մի կեղծ օրակարգից, որն ինքն է հորինել, և որի կորուստը զրոյական է։
Հայաստանը հրաժարվում է իրական, ցավոտ, փաստացի գոյություն ունեցող իրավունքից՝ Արցախի հարցից ու փախստականների վիճակից։
Այս ամենը հետո ներկայացվում է ժողովրդին որպես «փոխզիջում», երբ իրականում դա միակողմանի զիջում է՝ հօգուտ Ադրբեջանի։
Փաստացի՝ Նիկոլի այս մոտեցումը ոչ թե պաշտպանում է Հայաստանի շահը, այլ դարձնում է Հայաստանը Ադրբեջանի օրակարգը սպասարկող կողմ։ Սա արդեն ոչ թե սխալ է, այլ պետական մտածողության բացակայություն։
Տառացի նույն սխեման է, ինչ Բերձորի ու Մեղրու միջանցքների պատմության ժամանակ էր․ Ադրբեջանը հայտարարեց, թե «փոխադարձ միջանցքներ» են պետք։ Մեղրին՝ որպես միֆական «միջանցք», դրեցին սեղանին՝ իբր հավասարարժեք Բերձորին։ Բայց իրականում Մեղրին երբեք չի եղել օրակարգում, չի եղել միջազգային որևէ փաստաթղթում, ընդամենը քարոզչական սակարկման համար հորինված թուղթ էր։
Իսկ ինչ եղավ վերջում՝ Բերձորը գնաց, Մեղրին մնաց։
Հայաստանը կորցրեց իրական բան, Ադրբեջանը՝ ոչինչ։
Հիմա նույնը կրկնվում է նոր փաթեթավորմամբ.
-Ադրբեջանը հորինում է «Արևմտյան Ադրբեջան»՝ զուտ բանակցային մանևր,
-իրական թեման՝ Արցախի փախստականները, դրվում է նույն զամբյուղում,
-Նիկոլը առաջարկում է երկուսն էլ «փակել»՝ փոխադարձության անվան տակ։
Իսկ իրական հետևանքը լինելու է նույնը՝
Ադրբեջանը հրաժարվում է իր կեղծ օրակարգից, Հայաստանը՝ իր իրական իրավունքից։
Այս մեխանիզմը կրկնվում է շատ պարզ պատճառով՝ այն աշխատում է իդեալական։
Գևորգ Կարապետյան